
Արման Թաթոյան

Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1981 թ. դեկտեմբերի 18-ին Երևանում։
Կրթություն, գիտական կոչում
2002 թ․ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
2004 թ․ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
2007 թ․ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության և 27 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
2012 թ․ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցի «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիրը։
2013 թ․ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի մագիստրոսի որակավորմամբ։
2005 թ․ իրավագիտության դոցենտ է։
Պարգևներ
2004 թ․ արժանացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի մրցանակին։
2014 թ․ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Աշխատանքային գործունեություն
2003-2004 թթ. աշխատել է «Շրջակա միջավայրի իրավական պահպանության» կենտրոնում որպես իրավական հարցերով փորձագետ։
2005 թ․ դասավանդել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։
2004-2007 թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնում որպես իրավական հարցերով ավագ մասնագետ։
2007 թ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ որպես նախագահի խորհրդական։
2007-2009 թթ. համակարգել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի իրավական բաղադրիչը։
2008 թ. դասավանդել է ՀՀ դատախազության դպրոցում։
2009 թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ։
2009-2011 թթ. աշխատել է որպես «ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» ծրագրի իրավական հարցերով համակարգող։
2010 թ. հանդիսացել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի իրավական հարցերով խորհրդատու։
2010 թ. ղեկավարել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խումբը։
2010-2012 թթ. ներգրավվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրում՝ որպես իրավական հարցերով փորձագետ։
2010-2012 թթ. եղել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ։
2010–2013 թթ. աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։
2010 թ․ ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբում։
2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
2013 թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
2013 թվականից ընդգրկված է Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման Ռուսաստանում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովներում՝ որպես աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական։
2013 թ․ աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
2016 թ. փետրվարի 23-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
2022 թ․ ավարտել է ՀՀ ՄԻՊ պաշտոնավորումը։
2022 թ․ հիմնադրել և ղեկավարել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը»։
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներին։
























