
Պատմություն
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստեղծվել է 2025 թվականին Հայաստանում՝ երկրի նորագույն պատմության ամենախոր և բազմաշերտ ճգնաժամի պայմաններում։ 44-օրյա պատերազմի ընթացքում կրած ծանր պարտությունը, դրան հաջորդած քաղաքական, անվտանգային և բարոյահոգեբանական ցնցումները, ինչպես նաև Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը ստեղծել են ազգային գոյաբանական մարտահրավերներ, որոնց հետևանքները շարունակում են խորապես ազդել հասարակության բոլոր շերտերի վրա։
Այս փոփոխությունները ոչ միայն խաթարեցին Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգային համակարգը, այլև լրջորեն կոտրեցին հասարակական համախմբվածությունը, վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և հավատը ապագայի հանդեպ։
Երկիրը հայտնվեց արժեքային, գաղափարական և քաղաքական վակուումի մեջ, որտեղ բացակայում են հստակ ուղղությունները, ազգային նպատակները և պատասխանատու առաջնորդները։
«Միասնության թևեր» նախաձեռնությունը ձևավորվեց հենց այս պատմական հանգրվանում՝ որպես պատասխան ազգային պարտության, պետականության թուլացման և հասարակության ներսում խորացող պառակտման վտանգներին։
Այն հիմնադրել են քաղաքականապես և քաղաքացիապես գիտակից անհատներ, ովքեր համոզված են, որ Հայաստանի վերականգնումը հնարավոր չէ հին մտածողությամբ, հատվածական լուծումներով կամ միմյանց մեղադրելու ճանապարհով։ Անհրաժեշտ է նոր քաղաքական որակ, նոր գաղափարական առանցք և համազգային համախմբում։



