«Միասնության թևեր» նախաձեռնության հիմքում այն համոզմունքն է, որ Հայաստանի առաջ ծառացած ճգնաժամը համակարգային է և պահանջում է արմատական վերաիմաստավորում՝ թե՛ պետական կառավարման, թե՛ ազգային առաջնահերթությունների, թե՛ հասարակության դերակատարության առումով։
«Միասնության թևեր»-ը միտված է դառնալու այն քաղաքական հարթակը, որտեղ գերակա են ազգային արժանապատվությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունն ու երկարաժամկետ պետական շահը։
Մենք չենք ծնվել անտարբերության համար։ Այս շարժումը մեր ժողովրդի պատասխանն է պարտությանը, անարդարությանը և անտեսված իրավունքներին։ Սա ոչ թե անցողիկ քաղաքական նախաձեռնություն է, այլ ազգային համախմբման կոչ՝ ուղղված դեպի գոյության պահպանություն և արժանապատիվ ապագա։
Մենք կոչ ենք անում միավորվել՝ հանուն Հայաստանի անվտանգության, արժանապատվության և հավիտենական գոյության։ Միասնությունը մեր զենքն է, արդարությունը՝ մեր ուժը, արժանապատվությունը՝ մեր ճանապարհը։
«Միասնության Թևեր»-ի առաքելությունն է՝ վերահաստատել մեր հայրենակիցների վստահությունը իրենց ուժերի նկատմամբ, վերագտնել պետականության իմաստը և արժեքը, ուղղել պետությունը դեպի ազգային շահի և արժանապատիվ ապագայի ուղի։
«Միասնության թևեր»-ը գալիս է ոչ թե իշխելու, այլ առաջնորդելու։ Մեր ուժը ոչ թե խոստումներում է, այլ հավատարմության մեջ՝ մարդկային արժեքներին, պետական շահին և ազգային իղձերին։

