Company logo

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Իշխանությունները և քաղաքական շահերն անցողիկ են, իսկ Սահմանադրության առաքելությունը՝ հարատև

Հրապարակման ամսաթիվ 05.07.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Սահմանադրության օրն է։ Սովորական պայմաններում այս օրը պետք է լիներ պետականության, իրավունքի, քաղաքացու արժանապատվության և ապագայի հանդեպ հույսի օր։ Սակայն երեկ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո ձևական շնորհավորանք հնչեցնելը կլիներ ոչ անկեղծ։

https://admin.uwings.am/storage/images/news/01KX39QED109PYAFXJ24TK83DS.jpg

Սահմանադրությունը պետության հիմնադիր համաձայնությունն է քաղաքացու և իշխանության միջև։ Այն սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որ մարդը, նրա արժանապատվությունն ու հիմնական իրավունքները բարձրագույն արժեք են։


Պատահական չէ, որ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները փոփոխության ենթակա չեն։ Դրանք մեր սահմանադրական կարգի անփոփոխելի միջուկն են։


Երեկ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ բովանդակային առումով ոտնահարեց դրանց կենդանի էությունը։ Երբ ընտրական գործընթացի լեգիտիմության, հավասարության, ժողովրդի ազատ կամարտահայտության և քաղաքացու քաղաքական իրավունքների շուրջ ներկայացված ծանրակշիռ փաստերը շրջանցվում են, ապա ժողովրդավարական և իրավական պետության գաղափարը դատարկվում է, ժողովրդի իշխանության սկզբունքը վերածվում է ձևականության, իսկ մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանությունը՝ անտեսված պարտականության։


Այո՛, այսօրվա Սահմանադրությունը իդեալական չէ։ Այն ունի լրջագույն ինստիտուցիոնալ թերություններ, հատկապես իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների և զսպումների գործուն մեխանիզմների բացակայության առումով։ Տարբեր ժամանակներում իշխանությունները փորձել են Սահմանադրությունը ծառայեցնել իրենց քաղաքական շահերին, և այսօր էլ այդ վտանգը շարունակում է մնալ իրական։


Բայց Սահմանադրությունը չի կարող փոխվել արտաքին ուժերի պահանջով, ներքին ուժերի նեղ քաղաքական հաշվարկներով կամ առանձին մարդկանց իշխանական շահերի սպասարկման համար։ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի ներպետական, հանրային լայն քննարկման, ազգային համաձայնության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան կամքի արդյունք։

Իշխանությունները և քաղաքական շահերն անցողիկ են, իսկ Սահմանադրության առաքելությունը՝ հարատև: Այսօր Սահմանադրության օրը մեզ համար ոչ թե ձևական շնորհավորանքի, այլ սթափության, պատասխանատվության և պայքարի օր է։


Մենք պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունը չի կարող լինել միայն թղթի վրա գրված փաստաթուղթ։ Այն պետք է դառնա կենդանի իրականություն՝ հասարակական համերաշխության, արդարության, իրավունքի գերակայության, քաղաքացու արժանապատվության և պետական ինքնիշխանության իրական երաշխիք։


Այդ ճանապարհը հեշտ չէ։ Բայց հենց այդ ճանապարհով է հնարավոր վերադարձնել Սահմանադրությունը քաղաքացուն, պետությունը՝ օրենքին, իսկ իշխանությունը՝ իր իրական աղբյուրին՝ ժողովրդին։