Company logo

Հանդիպումներ Մարտունիում

Հրապարակման ամսաթիվ 03.04.2026

Ապրիլի 3-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն այցելել է Գեղարքունիքի մարզ: Թիմի անդամներն հանդիպումներ են անցկացրել Վարդենիկ, Լիճք, Ներքին Գետաշեն և Մարտունի բնակավայրերում, ծանոթացել բնակիչների խնդիրներին, ներկայացրել նախաձեռնության առաջարկներն ու լուծումները։


https://admin.uwings.am/storage/images/news/01KNM2RX1PTWNDJVPMH6DE3WYQ.jpg

Հանդիպումների ընթացքում ելույթներով հանդես են եկել նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, համահիմնադիր Դավիթ Անանյանը, նախաձեռնության անդամներ Լալա Աբգարյանը, Նարեկ Պարոնյանը, Լիպարիտ Դրմեյանը, «Առաջ արժանապատվության» շարժման ղեկավար Լևոն Չուկակլյանը և «Շանթ» ազգային կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։

Թիմի ներկայացուցիչները կարևոր շեշտադրումներ են արել գյուղատնտեսության, կրթության, սոցիալական կայունության և պետական քաղաքականության ուղղություններով։

Արման Թաթոյանն անդրադարձել է հանդիպման մասնակիցների բարձրացրած թեմաներին։ Կարևորելով գյուղատնտեսակնա խնդիրները՝ նա ներկայացրել է կոնկրետ առաջարկներ՝ դրանց լուծման ուղղությամբ, օրինակ՝ ըստ «Միասնության թևերի» ծրագրի՝ պետությունը պարտավորվում է նախապես երաշխավորել բերքի գինը և աջակցել գյուղացուն ամբողջ գործընթացում՝ ցանքից մինչև իրացում։

Դավիթ Անանյանը ևս շեշտել է, որ գյուղացիները մեծ դժվարությամբ մշակում են հողը, սակայն չեն ունենում կայուն եկամուտ։, հետևաբար անհրաժեշտ է տեղում կազմակերպել արտադրանքի վերամշակումն ու վաճառքը։

Լալա Աբգարյանը վստահեցրել է, որ կամավոր ատեստավորումը չհաղթահարած որևէ ուսուցիչ չի կորցնի իր աշխատանքը։ Անդրադառնալով ավագ դպրոցի բարեփոխման ծրագրին՝ նա նկատել է, որ սովորողը պետք է հնարավորություն ունենա ընտրելու՝ պատրաստվել բուհ ընդունվելուն, թե ստանալ միջին մասնագիտական կրթություն։

Շահեն Հարությունյանը խոսել է երկրի ապագայի մասին՝ նշելով, որ Հայաստանն ունի ազատ ու անկախ ապագա, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեր կանգնի իր պետությանը։

Լևոն Չուկակլյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին՝ նշելով, որ վերջին տարիներին այն շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր․ հազարավոր երիտասարդներ հեռանում են երկրից՝ փնտրելով կրթություն, աշխատանք կամ ավելի կայուն ապագա։ Նրա խոսքով՝ սա պարզապես վիճակագրություն չէ, այլ մեր հասարակության ապագայի կորուստ։

Հանդիպումների արդյունքում բարձրացված հարցերը և խնդիրները կլինեն նախաձեռնության ուշադրության կենտրոնում։

1
2
3
4