
«Միասնության թևերը» նշեց Սուրբ Սարգսի տոնը
Հրապարակման ամսաթիվ 31.01.2026
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները և շարժման համախոհ երիտասարդները հունվարի 31-ին «Տոնացույց» մշակութային կենտրոնում մասնակցեցին միջոցառման՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին։ Այն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

«Տոնացույց» մշակութային կենտրոնում հյուրերին դիմավորեցին լավաշով և գինով՝ ի նշան օրհնության ու բարեմաղթանքի։ Մասնակիցները ներգրավեցին հայկական ավանդական ծիսական խաղերում՝ բացահայտելով օրվա խորհուրդը։
«Տոնացույցի» ներկայացուցիչները պատմեցին պահքի շրջանի ուտեստների մասին՝ ընդգծելով յուրաքանչյուրի նշանակությունը։ Առանձին անդրադարձ եղավ աղի բլիթի ավանդույթին։
Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային ավանդական երգեր, որոնք փոխանցվելով սերնդեսերունդ, պահպանել են մեր ժողովրդի հոգևոր ուժն ու մշակութային ինքնությունը։ Տոնական միջավայրը հարստացրին հայկական ժողովրդական պարային կատարումները։
Տանտերերը հյուրերին մաղթեցին հաջողություն, երջանկություն և խաղաղություն՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը ազգային արժեքների պահպանման և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։
«Միասնության թևերի» անդամներն իրենց հերթին նշեցին, որ արժևորում են ժողովրդական ավանդույթների պահպանումն ու դրանց փոխանցումը սերունդներին, հետևաբար Սուրբ Սարգսի տոնի մասնակից դառնալը ևս մեկ պարտավորեցնող առիթ էր իրենց համար։
Միջոցառման տեսանյութը՝ https://shorturl.at/iMXwO




