
Արման Թաթոյանը՝ Վեհափառի շուրջ գործընթացների մասին
Հրապարակման ամսաթիվ 17.10.2025
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարությամբ անդրադարձել է Վեհափառ Հայրապետի դեմ հնարավոր քրեական վարույթ նախաձեռնելու և եկեղեցականների վերաբերյալ գաղտնալսումների հրապարակմանը։

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական նպատակներով իրականացվող իշխանական սցենարի մաս է։ Թաթոյանը հարց է բարձրացրել, թե ինչպես են տարիներ առաջ կատարված դեպքերին վերաբերող գաղտնալսումները հայտնվել իշխանամերձ լրատվամիջոցներում՝ ենթադրելով, որ իրավապահ համակարգը կարող է օգտագործվել նեղ քաղաքական շահերի համար կամ կիրառվել ապօրինի մեթոդներ։ Նա նաև ընդգծել է, որ օրենքով վարչապետը չի կարող ունենալ հասանելիություն օպերատիվ-հետախուզական նյութերին և մարդկանց մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներին։
«Վարչապետին իրավունք չունեն փոխանցելու օպերատիվ հետախուզական, այդ թվում՝ ձայնագրությունների վերաբերյալ նյութեր։ Սրանք ՀՀ-ում գործող օրենքի, Սահմանադրության ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թե իմ կարծիքը եւ դրա նպատակը քրեական հետապնդման ու օպերատիվ-հետախուզական գործունեությունը քաղաքական որևէ ու հատկապես Վարչապետի ազդեցությունից պաշտպանելն է ՝ անկախ նրանից, որ [անթույլատրելի կերպով] նրա կողմից են նշանակվում։
Հատկանշական է, որ այս տեղեկությունների տարածմանը զուգահեռ, ՔՊ պատգամավորներն ու իշխանության համախոհները ինտենսիվորեն լծվել են Եկեղեցին արատավորող հրապարակումների տարածմանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե գործում են օրենքի շրջանակում։
Մեր բազում խնդիրները լուծելու փոխարեն, հսկայական ռեսուրսներ, իրավապահ մարմինների մեծաքանակ ջանքեր ուղղվում են պետությունը թուլացնող, մեր ազգային դիմադրողականությունը քայքայող ապօրինի արարքների վրա, որոնք վրեժխնդրություն են ու նեղ քաղաքական շահերի նպատակ ունե նախևառաջ պայմանավորված ադրբեջանական պահանջներով: Սա նվեր է ադրբեջանական իշխանությանը զավթողական ծրագրերի համար: Իշխանության գործելաոճը վարկաբեկում է հայ ազգին աշխարհում, վիրավորում է մեր արժեքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ամբողջական հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/LIxHW