
Չորրորդ մարզային գրասենյակը՝ Գեղարքունիքում
Հրապարակման ամսաթիվ 08.02.2026
Փետրվարի 8-ին Սևան քաղաքում բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության 10-րդ մարզային գրասենյակը։ Այն չորրորդն է Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու, Ներքին Գետաշենի և Գավառի գրասենյակներից հետո։ Սևանի գրասենյակը կգործի Շահումյան 37 հասցեում։

«Միասնության թևերը» ոչ թե մտադրություն ունի վերևից ներքև կառավարելու, այլ ներքևից վերև երկիր կառուցելու»,- բացման արարողության ժամանակ հայտարարեց նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։
«Մեր մեջ սպանում են հույսը մեր պետության նկատմամբ, և մենք առաջին հերթին պետք է վերականգնենք այդ հավատը»,- ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։
Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գալստյանն էլ հավելեց, որ երկիրն օրհասական խնդիրների առաջ է կանգնած․ «Մենք կարիք ունենք միասին այդ խնդիրները լուծելու»։
Գրասենյակը նպատակ ունի միավորելու քաղաքացիներին՝ գաղափարների, առաջարկների և խնդիրների լուծումների շուրջ բաց ու բովանդակային քննարկումների համար։
Գրասենյակի բացման վերաբերյալ տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով`https://shorturl.at/f1NoZ




