Company logo

🧭 ՀԵՆԱՍՅՈՒՆ 3․Սպառող տնտեսությունը փակուղի է․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդել

Հրապարակման ամսաթիվ 23.12.2025

🧭 ՀԵՆԱՍՅՈՒՆ 3․Սպառող տնտեսությունը փակուղի է․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդել

Փոքր շուկա ունեցող երկիրը չի կարող երկարաժամկետ զարգանալ ներքին սպառման հաշվին։ Սա տնտեսական աքսիոմ է, ոչ թե քաղաքական կարծիք։

Հայաստանի վերջին տարիների «աճը» հիմնականում սնվել է սպառումից, ներմուծումից և ժամանակավոր հոսքերից։ Արտադրությունը և արտահանումը մնացել են երկրորդ պլանում, իսկ արժեքը ստեղծվել է ոչ թե այստեղ, այլ Հայաստանի սահմաններից դուրս։

Հարցը պարզ է․ ուզո՞ւմ ենք տնտեսություն, որը արձագանքում է արտաքին միջավայրին, թե՞ տնտեսություն, որը ինքն է ձևավորում իր տեղը շուկաներում։

Արտադրություն՝ ոչ թե հումք, այլ հավելյալ արժեք

Նոր տնտեսական քաղաքականության առանցքում արդյունաբերության կառուցվածքային փոփոխությունն է՝ հումքային արտահանումից դեպի պատրաստի, բարձրարժեք արտադրանք։

Սա ենթադրում է՝ արդյունաբերական գոտիներ, կլաստերներ,մաքուր էներգիայով աշխատող արտադրություն, ինտեգրում գլոբալ արժեքային շղթաներին։

Տեխնոլոգիա և գիտելիք՝ որպես մրցակցության հիմք

Տնտեսության ապագան չի կարող կառուցվել միայն ծառայությունների վրա։ ՏՏ ոլորտը պետք է դուրս գա աութսորսինգի տրամաբանությունից և դառնա ինժեներական, գիտահետազոտական և արտադրական լուծումների աղբյուր։

Զարգացման ակունքներում են կենսատեխնոլոգիաները, ֆինանսական տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերական և տիեզերական ուղղությունները։

Մարդկային կապիտալը դառնում է առանցք․ STEM կրթություն, ինժեներական հմտություններ, գիտություն–արտադրություն կապ։

Գյուղատնտեսությունը՝ սոցիալական ճյուղից դեպի արտահանման ոլորտ

Գյուղատնտեսությունը պետք է գոյատևումից վերածվի գիտելիքահեն արտադրության։ Հողի կառավարման, տեխնոլոգիաների և վերամշակման միջոցով գյուղմթերքը պետք է դառնա արտահանման շղթայի լիարժեք մաս։

Հարկային քաղաքականություն՝ արտադրության համար, ոչ սպառման

Նոր մոդելը անհնար է հին հարկային տրամաբանությամբ։ Անհրաժեշտ է անցում կատարել անուղղակի հարկերից դեպի ուղղակի հարկեր, բաժնետիրական ընկերությունների համար ներդնել շահութահարկի էստոնական մոդելը, ԱԱՀ-ն աստիճանական փոխարինել վաճառքի հարկով, ներդնել պրոգրեսիվ եկամտային հարկի և շահութահարկի համակարգ, ինչպես նաև հասցեական աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին և արտադրական գոտիներին։

Հարկային համակարգը պետք է խթանի ներդրումը և արտադրությունը, ոչ թե ներմուծումն ու սպառումը։

Ինստիտուտներ՝ որպես տնտեսական անվտանգության հիմք

Ոչ մի տնտեսական մոդել չի աշխատում առանց անկախ դատարանների, մրցակցության պաշտպանության և կայուն իրավական միջավայրի։ Սա քաղաքական ցանկություն չէ, այլ տնտեսական անհրաժեշտություն։

«Միասնության Թևեր»-ի երրորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Հայաստանի ապագան սպառման մեջ չէ։ Այն արտադրության, արտահանման և տեխնոլոգիական արժեքի մեջ է։

Դավիթ Անանյան

Նախաձեռնության համահիմնադիր

Դավիթ Անանյան