
ԴԻՏԱՐԿՈՒՄ 5․ Վարկային բում՝ առանց արտադրական բումի (26․6% վարկային աճ․ հզոր տնտեսությու՞ն, թե՞ պարտքային թակարդ)
Հրապարակման ամսաթիվ 07.11.2025

2025թ․ սեպտեմբերին ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալը աճել է +26․6%։
Առաջին հայացքից՝ սա կարող էր նշանակել ներդրումային աշխուժություն՝ նոր գործարաններ, նոր տեխնոլոգիաներ, նոր աշխատատեղեր։ Բայց թվերը պատմում են բոլորովին ուրիշ պատմություն։
Վարկերի աճին ամենամեծ նպաստն ունեն սպառողական վարկերը (աճ՝ +31․1%) և հիփոթեքային վարկերը (աճ՝ +24․5%)։ Դրանք միասին ապահովում են վարկային ընդհանուր աճի ավելի քան կեսը։ Իսկ արտադրական և բարձր արժեք ավելացնող ոլորտների վարկավորումը աճում է շատ ավելի համեստ տեմպերով՝ վկայելով, որ վարկային միջոցները հիմնականում ուղղվում են ոչ թե նոր արտադրության, այլ առկա սպառման և գույքային ակտիվների ֆինանսավորմանը։
Այլ խոսքով՝ մենք այսօր վարկավորում ենք ներկան, բայց չենք ֆինանսավորում ապագան։
Սպառումը՝ պարտքով, շինարարությունը՝ վարկով, հիփոթեքը՝ նոր պարտավորություններով։ Եվ սա այն դեպքում, երբ արդյունաբերությունը 9 ամիսը փակել է –5․7% անկմամբ, իսկ արտահանումը՝ գրեթե կիսով չափ՝ –46․8%։
Երբ բանկային համակարգը ակտիվ է, բայց իրական հատվածը՝ թույլ, երբ ֆինանսական ցուցանիշները աճում են, բայց արտադրական բազան՝ նահանջում, այդ ժամանակ խնդիրը ոչ թե բանկերի արդյունավետության, այլ պետական տնտեսական ռազմավարության բացակայության մեջ է։
Պետությունը, որն իր քաղաքացիներին թողնում է ապրել վարկով, իսկ իր տնտեսությունը՝ առանց արտադրական հիմքի, դառնում է պարտքային տնտեսություն՝ արտաքինից կայուն թվացող, բայց ներսից սպառող և անկայուն։