
ԴԻՏԱՐԿՈՒՄ 3․ Բյուջեն՝ թղթի վրա «զարգացման», իրականում՝ չկատարված ծրագրերի ամփոփում
Հրապարակման ամսաթիվ 09.12.2025

Կառավարությունը վստահ հայտնում է, թե 2025թ․ հունվար–հոկտեմբերին բյուջեի պակասուրդը կազմել է ընդամենը 229․7 մլրդ դրամ, երբ ամբողջ տարվա պլանով այն նախատեսված է 462 մլրդ դրամի կարգի։ Թվերը, առաջին հայացքից, հուշում են բյուջետային «կարգապահություն», քանի որ պակասուրդը փոքր է, հետևաբար, բյուջեն՝ համեմատաբար կայուն։
Սակայն իրական պատկերը բոլորովին այլ բնույթ ունի։
Պակասուրդը փոքր է ոչ թե արդյունավետ կառավարման, այլ ծախսերի խորը թերակատարման պատճառով
Պաշտոնական տվյալներով ընդհանուր ծախսերի կատարողականը՝ մոտ 86․9% է, ընթացիկ ծախսերի կատարողականը՝ 81․0%, իսկ կապիտալ ծախսերի կատարողականը՝ ընդամենը 74–75%։
Սա նշանակում է, որ պետական ներդրումային ծրագրերի գրեթե մեկ քառորդը պարզապես չի իրականացվել։
Չեն իրականացվել բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է լինեին տնտեսության հիմքը․ ճանապարհաշինական նախագծեր, ենթակառուցվածքային ծրագրեր, առողջապահական և կրթական շենքերի վերակառուցում, շրջակա միջավայրի ու ջրային համակարգերի բարելավում և այլն։
Ի վերջո՝ պետությունը պարզապես չի ծախսել այն, ինչ ինքն է պլանավորել։ Արդյունքում՝ պակասուրդը «նվազ» է ոչ թե հաջող կառավարման, այլ չկատարված պարտավորությունների հաշվին։
Եկամուտների աճը՝ ոչ թե տնտեսության աճ, այլ գների, սպառման և վարչարարության ազդեցություն
2025թ․ հունվար–հոկտեմբերին բյուջեի եկամուտները աճել են +14․2% և կազմել 2,368 մլրդ դրամ։ Բյուջետային եկամուտները թվային արտահայտությամբ բարձր են, բայց կառուցվածքով՝ խոցելի։ Աճի հիմնական աղբյուրները եղել են՝ ԱԱՀ-ը՝ +21․6%, որը պայմանավորված է ներմուծման կառուցվածքով և ծառայությունների ակտիվությամբ, ոչ թե արտադրությամբ, և շահութահարկը՝ +19․4%, որը ձևավորվել է առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտի շահույթահարկի գծով կանխավճարների գանձման հաշվին, և, բնականաբար՝ ո՛չ արտադրական սեկտորների ընդլայնմամբ։
Միաժամանակ, պաշտոնական դրամաշնորհները նվազել են 41․3%–ով, ինչը ցույց է տալիս արտաքին ծրագրային ֆինանսավորման զգալի անկում։
Այսպիսով՝ եկամուտների աճը առաջացել է ոչ թե նոր արտադրությունների կամ տնտեսական բազայի ընդլայնման, այլ՝
գների բարձր մակարդակի,
ներքին սպառման, և
հարկային վարչարարության սեղմման հաշվին։
Այլ կերպ ասած՝ բյուջեն «աճում է», բայց տնտեսությունը՝ ոչ։
Բյուջեն դարձել է թղթային, ոչ իրական «զարգացման ծրագիր»
Եթե բյուջեի ենթակառուցվածքային ծախսերը թերակատարվում են մոտ 25%-ով, եթե դեռևս չկան նոր արդյունաբերական կամ ինովացիոն ծրագրեր, եթե կապիտալ ներդրումները տարվա ավարտին մոտենում են ծրագրվածին միայն թղթի վրա, ապա բյուջեն դադարում է լինել զարգացման գործիք։
Այն դառնում է՝
չիրականացված ծրագրերի ցուցակ,
խոստումների հաշվառման աղյուսակ,
պակասուրդը նվազեցնելու համար թվային մանևրների հարթակ։
Հարցը մնում է նույնը․ Կարո՞ղ է զարգանալ մի երկիր, որի բյուջեն գոյություն ունի միայն թղթի վրա, բայց ոչ իրական դաշտում։